NERSESSIAN REV. DR. NERSES (VREJ) / ՆԵՐՍԵՍԵԱՆ ՏԷՐ ՆԵՐՍԷՍ ՔՀՆ. (ՎՐԷԺ)
(eng)
The warm relationship between father Ghewond Alishan and sir Robert Curzon hinged upon their love of Armenian manuscripts 
Հայկական ձեռագիրներու հանդէպ սէրը՝ հիմք Հ. Ղեւոնդ Ալիշանի եւ Լորդ Ռոբերթ Կորզոնի սերտ մտերմութեան 


Bazmavep 2020 / 3-4, pp. 138-155

1852 թ. Հայր Ղեւոնդ Ալիշանը՝ Լոնդոն եղած ժամանակ, Լորդ Ռոբերթ Կորզոնի հրաւէրով հիւրընկալւում է իր դղեակում եւ նրա խնդրանքով Իտալերէնի է թարգմանում «Պատմութիւն Յովսէփի եւ Ասանէթի» պարականոն գիրքը, որն իր ունեցած Աստուածաշնչի մէջ կար: Այս ձեռագիրը, տասը այլ հայերէն ձեռագրերի հետ, 13 Հոկտեմբեր 1917ին նուիրաբերւում է Բրիտանական Թանգարանին (այժմ Բրիտանական Գրադարան), եւ այժմ կրում է Or. 8833 թուահամարը:

1996ին, մի այլ ժառանգ Կորզոնի գերդաստանից, Բրիտանական Գրադարանին է նուիրում Ռոբերթ Կորզոնի Թարգմանութիւն պարականոն գրքերի. «Պատմութիւն Յովսեփայ եւ Ասանէթի եւ Թուղթ Կորընթացւոցն առ սուրբ առաքեալն Պօղոս եւ Թուղթ Երրորդ առ Կորընթացիսն սրբոյ առաքելոյն Պօղոսի», որ կրում է Or. 15277 թուահամարը, եւ որն իր մէջ պարունակում է Կորզոնի «Յովսէփ եւ Ասանէթ» գրքի անգլերէն թարգմանութիւնը՝ կատարուած Ալիշանի Իտալերէն թարգմանութիւնից, ինչպէս նաեւ Ալիշանի իտալերէն յիշատակարանի անգլերէն թարգմանութիւնը։ 

Լոնդոնի Իտոն Կոլեջի [Eton College] գրադարանն ունի Ղեւոնդ Ալիշանի «Հայոց երգք ռամկականք» գրքի մի օրինակը՝ նուիրուած Լորդ Կորզոնին՝ հեղինակի մակագրութեամբ եւ թուագրուած 20 Հոկտեմբեր 1853, որտեղ Հայր Ղեւոնդը վերյիշում է իր հյուրընկալութիւնը Պարհամ դղեակում: Իսկ 18 Մայիս, 1854ին գրուած մի նամակում, Հայր Ալիշանը շնորհաւորում է Կորզոնին՝ իր հրատարակած A year in Erzeroom հատորի առիթով եւ նրա խնդրանքով տալիս հայոց պատմութեան վերաբերեալ եվրոպական լեզուով գրքերի մի ցանկ՝ աւելացնելով, որ այն հայ եկեղեցիների եւ աւերակների պատկերները, որ ինքը տեսել էր իր հրատարակած «Ալբոմ»ում, նախատեսուած է իր հրատարակելիք «Տեղեկագիր Հայոց Մեծաց» աշխատութեան համար, հրատարակութիւնն ուշանալու է: